Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ ուղերձով է հանդես եկել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ցեղասպանություն, որ պետականորեն ծրագրվեց և իրագործվեց 95 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում: Ոչնչացվեց, տեղահանվեց ու հայրենազրկվեց ստեղծարար ժողովրդի մի ստվար հատված, որի միակ մեղքը հայ լինելն էր: Դա ոչ միայն ոճրագործություն էր մի ժողովրդի հանդեպ, այլև հանցագործություն էր համայն մարդկության նկատմամբ:
Որևէ ժողովուրդ ոչ բարոյապես, ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես չի կարող պոկվել հրաժարվել իր հիշողությունից, որում հոգու պարտք ու ոգու կանչ կա, հայրենազրկման ցավ”:
“Հայոց ցեղասպանությունը երբևիցե վիճարկելի չէ ու չի լինելու` անկախ ցեղասպանությունը որպես խաղաքարտ օգտագործելու ` ոմանց ցանկություններից ու գործողություններից: Որևէ փաստաթուղթ չի կարող կասկածի տակ դնել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը կամ սակարկության առիթ դառնալ դրա համար: Որևէ գործընթաց չպետք է ընկալվի ու դիտարկվի որպես հրաժարում ցեղասպանության ճանաչումից: Պատմության միջով առաջ քայլելը չպիտի լինի պատմությունն ուրանալու ճանապարհով:
Մարդկությունն իրականությունը պիտի տեսնի 20-րդ դարի առաջին և առայժմ լիարժեք չդատապարտված ցեղասպանությունը կատարողների ապաշխարանքի միջոցով: Այդ ապաշխարանքը պարտք է ոչ միայն 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց սերունդների, ոչ միայն ողջ հայ ժողովրդի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև: Ցեղասպանությունն իրականացրածի խարանը կրող ժողովուրդն ու երկիրն իրավունք չունեն համարվել քաղաքակիրթ հասարակության անդամ, եթե այսօր էլ շարունակում են ապրել այն նույն հոգեբանությամբ ու մտածելակերպով, ինչով որ իրականացվեց 1915 թվականի հայոց ցեղասպանությունը:
Որևէ մեկը ոչ միայն չի կարող, այլև` իրավունք չունի մոռանալ չսպիացող վերքը` եղեռնը, որովհետև պատմական արդարության վերականգնումը խառնված է մեր հոգու զգացմունքների հետ: Բայց նաև պիտի կարողանանք դրանից ուժ ստանալ և գտնել ապագայի այն տեսլականը, որը չի խոչընդոտի հայ ժողովրդի ու Հայաստանի առաջընթացին, կխթանի մեր դերակատարությունը միջազգային և տարածաշրջանային գործընթացներում, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: