26 ապրիլի 2010 - 11:16 AMT
Ուրուգվայի նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառմանը

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 95 ամյակի կապակցությամբ Մոնտեվիդեոյում կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Ուրուգվայի մայրաքաղաքի “Արմենիա” անունը կրող հրապարակում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար:

Երկրի նախագահը հրապարակ է ժամանել Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արք. Գլնջյանի կողմից խաչքարի օծման ժամանակ և մոտ 25 րոպե մասնակցել է արարողությանը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի կրթության և մշակույթի նախարար Ռիկարդո Էլրիխը և սպորտի ու զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանը: Ընթերցվել են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արգենտինայում և համատեղության կարգովª Ուրուգվայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ուղերձները խաչքարի բացման կապակցությամբ:

Մոնտեվիդեոյի “Արմենիա” հրապարակում խաչքարի տեղադրումը ձեռնարկել են Ուրուգվայի ՀԲԸՄ-ի ու ՍԴՀԿ-ի տեղական կառույցները, Հայ ազգային կենտրոնը և “Արմենիա” հրապարակի հանձնախումբը: Խաչքարի հեղինակն է հայաստանցի վարպետ Ռուբեն Նալբանդյանը, բարերարըª ուրուգվահայ Կարլոս Կեցոյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: