29 հոկտեմբերի 2001 - 20:46 AMT
ԱԴՐԵԱՆՈ ՍԵՒԵՐԻՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին երեկոյան մամլո-ասուլիսում հայտնել է Հայաստանում այցով գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ադրեանո Սեւերինը: Նրա խոսքերով, ժամանակը ի վիճակի չէ լուծել խնդիրը, հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ձեռնարկել գործնական միջոցներ: Սեւերինն ընդգծեց, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կարգավորման ընթացքին խոչընդոտող ռազմատենչ հայտարարություններից: Նրա համոզմամբ, ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների շնորհիվ: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը նշեց նաեւ հակամարտության կարգավորման հարցով զբաղվող եւս մեկ աշխատանքային խմբի ստեղծման կարեւորության մասին: Նախատեսվում է, որ խմբի կազմում կընդգրկվեն ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի պատգամավորները, որոնք, Սեւերինի խոսքերով, ոչ մի դեպքում չեն խանգարի ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի աշխատանքները, այլ կաջակցեն նրա գործունեությանը: Շոշափելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Սեւերինը հայտնեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը շատ կարեւոր է: Ոչ ոք աշխարհում չի պատրաստվում հրաժարվել այդ սկզբունքից, նշեց նա, սակայն քիչ կարեւոր չէ նաեւ ազգերի եւ ժողովոուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Այս երկու դրույթները պետք է համատեղվեն ղարաբաղյան կարգավորման հարցում, ընդգծեց Սեւերինը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իր այցի մասին, որը, համաձայն դիվանագիտական աղբյուրների, Ադրբեջանում առաջացրել է կտրուկ բացասական արձագանք, ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ Ստեփանակերտ կատարած իր այցը ոչ պաշտոնական եւ ճանաչողական բնույթ է կրել: Սեւերինը ընդգծեց, որ այցը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: