ՀՅԴ-ն երբեք դեմ չի եղել հայ-թուրքական հարաբերություննեի կարգավորմանը: Դա բավականին երկար գործընթաց է, որը պետք է 3 փուլից կազմված լինի: Այդ մասին Վիյերբանի (Ֆրանսիա) քաղաքապետ Ժան Պոլ Բրետի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, առաջին փուլում կողմերը պետք է շփումներ հաստատեին, այսինքն դիվանագիտական հարաբերություններ հաստատեին և բացեին հայ-թուրքական սահմանը:
“Դա թույլ կտար երկրներին անցնել երկրորդ փուլ, որտեղ դիվանագիտական հարաբերությունները թույլ կտային դիվանագետներին և քաղաքական գործիչներին քննարկել առկա խնդիրները”,-ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ բաց սահմանը թույլ կտար նաև շփումներ հաստատել հասարակության տարբեր շերտերի միջև: :Եվ միայն երրորդ փուլում, մերձեցնելով իրենց մոտեցումները, կողմերը պետք է ստորագրեին որևէ պայմանագիր կամ համաձայնագիր”,-ասել է Հովհաննիսյանը: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիային հաջողվեց այդ բոլոր փուլերը ներառել առաջին փուլի մեջ: Ըստ նրա, դա Հայաստանի դիվանագիտական թերացումն էր: “Մենք հուսով ենք, որ նոր փուլում մեր դիվանագիտական համակարգը կկարողանա շտկել այն բոլոր սխալները, որ թույլ ենք տվել անցյալում”,-ասել է Հովհաննիսյանը: Ընդ որում, նա նշել է, որ այս գործընթացը փոխեց հայերի մտածելակպերն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, քանի որ շատ քաղաքական ուժեր սկսեցին խոսել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության, այլ նաև Ցեղասպանության հետևանքների հատուցման անհրաժեշտության մասին:
Իր հերթին Ժան Պոլ Բրետն ասաց, որ Հայոց ցեղասպանության հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ մարդկությանը:
Նա նաև հայտնել է, որ Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով իր գլխավորած պատվիրակությունը մայիսի 2-3 կայցելի Լեռնային Ղարաբաղ, որից հետո մայիսի 4-ին Բրետին կհանդիպի ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: