3 մայիսի 2010 - 11:55 AMT
Տաթևի համալիրի վերակառուցման նախագիծը գնահատվում է 40 մլն դոլար

Տաթևի զբոսաշրջային համալիրում աշխատանքներն արագ տեմպերով առաջ են ընթանում 3 ուղղություններով, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: “Մասնավորապես, ճոպանուղու շինարարական աշխատանքները, որի բացումը նախատեվում է հոկտեմբերի 16-ին, ընթանում են ըստ նախատեսվախ ժամանակացույցի”,-ասել է նա: Ընդ որում հիմնադրամի գործադիր տնօրենը հավաստիացրել է, որ այն լինելու է ամենաերկարն աշխարհում, իսկ նրա անվտանգությունը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: “Կա շատ երկար ճոպանուղի ԱՄՆ-ում` The world's longest aria tram, սակայն մերն ավելի երկար է լինելու”,-նշել է նա:

Ըստ Բեկոր Փափազյանի, Տաթևի վանքի վերակառուցումը, որտեղ արդեն համապարփակ հետազոտություններ են անցկացվել, ունի իր բյուջեն, ժամանակային սահմանները և նախանշված են կատարվելիք հետևողական քայլերը: “Առաջին քայլը վերաբերում է ձիթանի վերակառուցմանը”,-ասել է նա: Սա 17 դարի շատ հետաքրքիր կառույց է վանքի մերձակայքում, որտեղ նախկինում ձեթ են պատրաստել: Փափազյանն ընդգծել է, որ այն շատ կարևոր նշանակություն ունի զբոսաշրջության տեսակետից: Նախատեսվում է ձիթանը վերածել ակտիվ թանգարանի, որտեղ կվերականգնվի ձեթի արտադրությունը, որը կառաջարկվի զբոսաշրջիկներին:

Ինչպես հաղորդել է գործադիր տնօրենը, երրորդ ուղղությունը ենթադրում է, որ մարքեթինգային աշխատանքների հետ միաժամանակ կմշակվեն զբոսաշրջային տարբեր առաջարկներ, մասնավորապես, կկազմակերպվեն արշավներ, և այդ նպատակով ճանապարհ կգցվի մինչև Խնձորեսկի հին քարանձավները, կզարգանա նաև խոհարարական զբոսաշրջությունը: “Մենք ցանկանում ենք օգտվել առիթից և ճոպանուղու բացման օրը գործարկել նաև պիլոտային զբոսաշրջային առաջարկները` առաջակել ազգային կերակուրներ, գործարկել ձիթանը”,-ասել է Փափազյանը:

Ինչ վերաբերում է ներդրումների ծավալներին, ապա այսօրվա դրությամբ դրանք կազմում են շուրջ 20 մլն դոլար` 10 մլն դոլար հատկացվել է ճոպանուղու կառուցմանը, 10 մլն դոլար վանքին և այլ ծախսերի համար: Սակայն, ըստ նրա, նախագիծն ամբողջապես գնահատվում է 40 մլն դոլար: Այդ առնչությամբ Բ. Փափազյանը հավելել է, որ կան նաև լրացուցիչ ծախսեր, որի մի մասն իր վրա է վերցնում ՀՀ կառավարությունը: “Օրինակ, սկսվել է մայրուղուց դեպի Հալիձոր տանող ճանապարհի կառուցումը, աշխատանքներ են տարվում, որպեսզի բարձրավոլտ էլեկտրալարերը շրջանցեն վանքն ու ճոպանուղին”,-ասել է նա: