26 հոկտեմբերի 2001 - 00:09 AMT
ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ԼԻԱԶՈՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՈՒԺԸ
Այսօր ԱՄՆ-ի Սենատը ընդունել է որոշում, համաձայն որի նախագահը լիազորվում է Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու իրավունքով: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Փաստաթղում նշված է 4 պայման, որոնց առկայության դեպքում պետության ղեկավարը կարող է վերացնել ուղղումը: Պատժամիջոցների ուժը կարող է կասեցվել. 1. եթե դա անհրաժեշտ լինի միջազգային ահաբեկության հետ պայքարի համար, 2. եթե ծագի ԱՄՆ-ի ու հակաահաբեկչական դաշինքի զինված ուժերի մարտունակությունը պահպանելու անհրաժեշտություն, 3. եթե դա օգնի Ադրբեջանի սահմանների անվտանգության պահպանմանը, 4. եթե դա չխոչընդոտի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված ճիգերին, եւ չօգտագործվի Ադրբեջանի կողմից` Հայաստանի նկատմամբ ագրեսիայի կիրառման համար: 907-րդ ուղղման ուժը կասեցնելու իրավունքը տրված է նախագահին մինչեւ 2002 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը, Սենատը ընդունել է այս օրինագիծը Պետդեպարտամենտի աննախադեպ ճնշման տակ: «Քվեարկությունը անցել է այնպիսի իրավիճակում, երբ ընտրողների կապը սենատորների հետ գործնականորեն անհնար է եղել` սիբիրախտի հայտնաբերման դեպքերի պատճառով Սենատի աշխատասենյակների փակման հետեւանքով»,- ասվում է հանձնախմբի կողմից տարածված փաստաթղթում: Միաժամանակ ընդգծվում է, որ Ամերիկայի հայկական համայնքի մի շարք կազմակերպություններ մտադիր են շարունակել 907-րդ ուղղման լոբինգը: Հայդատի հանձնախումբը իր հիասթափությունն է արտահայտել Սենատի որոշման առիթով, որը «կարող է վնասել Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին»:
Հայդատի հանձնախմբի հաղորդագրությունում ասվում է, որ այսօր Սենատը ընդունել է նաեւ մի օրինագիծ, որը նախատեսում է Հայաստանին օգնության կարգով տրամադրել 4 միլիոն դոլար` ռազմական ոլորտը ֆինանսավորելու ու 600 հազար դոլար` զինվորականների` արտասահմանում ուսուցման համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: