3 մայիսի 2010 - 17:44 AMT
Ավարտվել է ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է` ճանապարհային ոստիկանության 4 աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն գերազանցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Ա. Չուխաջյանին, Հ. Ջանանյանին, ճանապարհային ոստիկանության տեսուչներ Կ. Վարդանյանին եւ Մ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Տեսուչները ոստիկանության հերթապահ մասում բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար, հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: