4 մայիսի 2010 - 11:39 AMT
Մարինա Թրիներ. Հայոց ցեղասպանությունն առաջնահերթ նշանակություն ունի ցեղասպանության հարցի ցանկացած քննարկման համար

Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) մասնակցել է «Ռասիզմից դեպի Ցեղասպանություն. կյանք առանց ատելության» խորհրդաժողովին, որը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանում (UCSD)`ցեղասպանությունների կանխարգելման կարևորության և դրանց ժխտման վտանգի իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

Միջոցառման ընթացում ուսումնասիրվել են 20-րդ դարում ռասիզմի օրինակները, որոնք հանգեցրել են զանգվածային սպանությունների և ցեղասպանության: Այս միջոցառումն առաջինն է սեմինարների շարքից, որոնք տեղի են ունեցել համալսարանում` ռասիզմի և ցեղասպանության վերաբերյալ հարցերի շուրջ ուսանողների իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Գիտաժողովին մասնակցում էր նաև ԱՀՀ արևմտաամերիկյան մարմնի ղեկավար Եղիշե Քեշիշյանը, որն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին Օսմանյան կայսրությունում օրենքների խտրականության և դրության լույսի ներքո, ինչն անհանդուրժողականություն և օրենքով արդարացված վայրագություններ է ծնել:

«Հայոց ցեղասպանությունն առաջնահերթ նշանակություն ունի ցեղասպանության, անհանդուրժողականության և ատելության հարցի ցանկացած քննարկման համար: Դա ողբերգական պատմություն է, որովհետև ժամանակակից Թուրքիան, որն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար պատասխանատու պետություն-ժառանգորդ է, ժխտում է այս փաստը»,- ասել է UCSD ծրագրի համակարգող Մարինա Թրիները: