4 մայիսի 2010 - 15:40 AMT
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Չեխիայի դեսպանի հետ

Մայիսի 4-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի դեսպան Իվան Եսթրաբին: Ողջունելով դեսպանին` Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց նրան հայ-չեխական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ գործադրած ջանքերի, մասնավորապես ուսանողական կրթաթոշակային տեղերը վերականգնելու և Չեխիայի բուհերում հայ ուսանողներին ուսումնառության հնարավորություն տալու համար:

Հանդիպմանը քննարկվեցին “Արևելյան գործընկերության” ծրագրի իրականացման հետագա քայլերին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, հայ-չեխական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր:

Դեսպանը Ն. Զոհրաբյանին տեղեկացրեց Չեխիայում տիրող նախընտրական քաղաքական իրավիճակին, իսկ Ն.Զոհրաբյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարության քաղաքական դրդապատճառները: Իվան Եսթրաբին հույս հայտնեց, որ Չեխիայում այս ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կայցելի Չեխիա£ Հանդիպմանը քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: