4 մայիսի 2010 - 15:47 AMT
Էդուարդ Շարմազանով. «Ղարաբաղյան կարգավորման հարցում կտրուկ փոփոխությունների հեռանկարը շատ մշուշոտ է»

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կտրուկ փոփոխություններ կլինեն միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերը հասկանան, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի, և Ադրբեջանը ճանաչում է նրա անկախությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցելիս ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերի համաձայն, քանի որ մինչ օրս ադրբեջանական կողմը խոսում է ռազմատենչ հայտարարություններով, ապա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում կտրուկ փոփոխությունների հեռանկարը մշուշոտ է:

Խոսելով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին`ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասել է, որ ադրբեջանական կողմը դժվար թե ռազմական արկածախնդրություն կատարի, քանի որ նա արդեն դառը փորձ ունի:

«Եթե Ադրբեջանը նոր հարձակում կատարի ԼՂՀ-ի դեմ, ապա դա ծանր հետևանքներ կունենա նրա համար», - ասել է Շարմազանովը` ավելացնելով, որ հայկական կողմը հակամարտության խաղաղ կարգավորման կոմնակից է, սակայն պատերազմից էլ չի վախենում: