5 մայիսի 2010 - 16:11 AMT
Սեյրան Օհանյան. «Հայաստանի զինված ուժերը պետք է աշխարհի ուժեղագույն բանակների շարքում լինեն»

Այս պահին հայկական բանակի գլխավոր խնդիրը ոչ թե զենքը կամ ռազմական տեխնիկան է, այլ մարդկային գործոնը: «Այսինքն` հրամանատարի ու ենթակաների միջև ընկերական հարաբերություններն են. որպեսզի զինվորը պատրաստ լինի զոհաբերելու իրեն` հանուն իր հրամանատարի և հակառակը: Եթե մենք կարողանանք պահպանել այս լավ ավանդույթը, ապա մենք միշտ կհաղթանակենք», - մայիսի 5-ին Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված ԵՊՀ-ում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև պատերազմի վետերաններ:

Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է նաև, որ ներկայում զինված ուժերի առաջ միջազգային չափանիշներին համապատասխանելու խնդիր է դրված: «Մենք այլևս չպետք է սահմանափակվենք այն բանով, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Հայաստանի զինված ուժերը պետք է աշխարհի ուժեղագույն բանակների մակարդակին դասվեն», - նշել է նա, ավելացնելով, որ հայկական բանակը շատ մարտունակ է և ի վիճակի է իրագործել իր առջև դրված բոլոր խնդիրները:

Ինչպես ասել է Օհանյանը, չնայած հակառակորդի ռազմատենչ հայտարարություններին, ղարաբաղյան ճակատում «հավանական պատերազմի» դեպքում հակառակորդը հաղթանակ տանել չի կարող: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հետագայում նույնպես հակառակորդը հաղթանակել չկարողանա», - ասել է Օհանյանը:

Նախարարը նշել է նաև, որ ղարաբաղյան ճակատում իրավիճակը վերահսկվում է հայկական բանակի մարտունակության ու ինժեներական կառույցների շնորհիվ: