10 մայիսի 2010 - 16:12 AMT
«Մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2010 թվականին վերապատրաստել 400 գործազուրկի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը և մի շարք միջազգային կազմակերպություններ օգնում են Հայաստանի բնակչության խոցելի շերտերին աշխատանք փնտրելու հարցում, լրագրողներին է հայտնել գործակալության պետ Սոնա Հարությունյանը:

Ըստ նրա, ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության շնորհիվ իրականացվում է «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագիրը գործազուրկների համար, որոնք վերապատրաստման կարիք ունեն: «Այդ ծրագրի շրջանակներում 2009-ին վերապատրաստվել է 170 գործազուրկ, ընթացիկ տարում նախատեսվում է վերապատրաստել 400-ին: Ծրագրի ընդհանուր արժեքն է 140 հազար դոլար»,-ասել է նա:

Բացի այդ, գործակալությունը չեխական People in need կազմակերպության հետ համատեղ Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում ֆինանսական օգնություն է տրամադրում և տեղեկատվություն է տալիս օրինական միգրացիայի և Հայաստանում աշխատանքի որոնման մասին: