Ադրբեջանը փորձում է թաքցնել Ղարաբաղյան պատերազմում պարտության իրական պատճառները: Այդ մասին Երևանում հայտարարել է ռազմական հոգեբան, ՀՀ ՊՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, ինչպես հաղթանակը, այնպես էլ պարտությունն ազդում են ազգային խմբի հոգեբանության վրա` հաղթող կողմը դառնում է ավելի ինքնավստահ, իսկ պարտվածը` տառապում է անլիարժեքության բարդույթից, ինչն արդյունքում կարող է հանգեցնել ագրեսիվ վարքագծի:
«Հայոց ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդի համար հաղթանակը Ղարաբաղյան ազատագրական պատերազմում առանձնապես կարևոր է: Մեր համար դա գոյության պայքար էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա, որպես պարտված կողմ, պետք է քաջություն ունենա ընդունելու համար պարտությունը»,-ասել է հոգեբանը: Հենց դրանով է Ջամալյանը բացատրում Բաքվի հայտարարությունները, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը հաղթեցին ՌԴ-ի աջակցության շնորհիվ: Ինչպես նշել է ռազմական հոգեբանը, նման վարքագոծվ ադրբեջանական կողմը ձգտում է մեղմել պարտության պատճառները, ցույց չտալու համար սեփական անզորությունը:
Անդրադառնալով հայկական կողմի հաղթանակին` Ջամալյանն ասել է, որ հաղթանակն օբյեկտիվ պատճառներ ունի: «Մենք պաշտպանում էինք մեր հայրենիքը, իսկ Ադրբեջանի վարձկանները կռվում էին օտարի հողում և չէին զգում թիկունքի աջակցությունը»,-ասել է հոգեբանը: