Լիբանանի տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրությունները դեռևս չեն ավարտվել։ Սակայն ավարտվել են Լեռնալիբանանի, Բեյրութի և Բեքաայի ընտրությունները, որի արդյունքում ավելի քան 70 հայազգի ներկայացուցիչներ ընտրվել են քաղաքապետի, փոխքաղաքապետի, քաղաքապետական խորհրդի եւ թաղապետի պաշտոններում։
Բուրջ Համուդի, Այնճարի, Լեռնալիբանանի և Բեյրութի տարբեր ընտրատարածքներում հայկական համախմբված մասնակցությունն էր, որ ապահովեց այս արդյունքը։
Համարյա բոլոր թեկնածուներին առաջադրել էր Հ.Յ.Դաշնակցությունը։ ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն ևս Բեյրութի ընտրաշրջաններից մեկում մեկական ընտրված թեկնածու ունեցան` թաղապետի (ՌԱԿ) և Բեյրութի քաղաքապետական խորհրդի անդամի պաշտոններ (ՍԴՀԿ)։
Մյուս պաշտոններում ընտրվել են Հ.Յ.Դ.ի առաջադրած թեկնածուները:
Բեյրութում կայացած ընտրություններում երեք քաղաքական կուսակցությունները համաձայնել էին միասնաբար քվեարկել բոլոր հայ թեկնածուների օգտին։ Բուրջ Համուդի և Այնճարի քաղաքապետները հայազգի են։ Անթիլիասի հարակից շրջաններից մեկի փոխքաղաքապետը ևս հայ է։
Կարելի է ասել, որ ամբողջ սփյուռքում այս արդյունքը եզակի երևույթ է։