Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի մայիսի 13-ին ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի հետ ԱԺ խմբակցությունների հանդիպմանը։ Պատճառն այն է, որ ԵԽԽՎ նախագահ Չաուշօղլուն չի այցելելու Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Այս կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեր խմբակցությունը տեղեկացված է այն մասին, որ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն ցանկություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Սակայն, տեղեկացանք նաև, որ պրն. Չավուշօղլուն հրաժարվել է 1915թ. Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից, ինչը, մեր կարծիքով, հարիր չէ հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարին»:
«Նախկինում ԵԽԽՎ ղեկավարության ներկայացուցիչները երբեք իրենց թույլ չեն տվել նման անհարգալից վերաբերմունք`անկախ այն բանից, թե նրանց երկրները ճանաչել են, թե չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Փաստորեն տվյալ դեպքում պրն. Չավուշօղլուն չի թաքցնում, որ Հայաստան է այցելում ոչ այնքան որպես ԵԽԽՎ ղեկավար, որքան թուրք քաղաքական գործիչ: Այս պայմաններում մեր խմբակցությունը նպատակահարմար չի գտնում հանդիպել նրա հետ»,-ասվում է ՀՅԴ խմբակցության նամակում:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նույնպես հրաժարվել է մասնակցել Չավուշօղլուի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հանդիպմանը։