15 մայիսի 2010 - 14:47 AMT
«Վիրահայերի միասնությունը» կոչ է անում հայ գործարարներին ներդրումներ կատարել Ջավախքում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը դեռևս չի սպառել իր դիվանագիտական բոլոր ռեսուրսները: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանը: Նրա խոսքերի համաձայն, միջազգային հասարակությունը բարձր է գնահատում Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը:

«Նախապես հայտարարվել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների: Չնայած բոլոր հայտարարություններին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը չխանգարեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ցեղասպանության հարցը եղել է և կմնա Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը», - ասել է պատգամավորը, ավելացնելով, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության փաստն նախ`պետք է ընդունի Թուրքիան:

Սամցխե-Ջավախեթիի հիմնախնդիրների մասին խոսելով, Տաճատ Վարդանյանն ասել է, որ սոցիալ-տնտեսական, մշակութային, լեզվական և հայ ազգաբնակչության այլ հիմնախնդիրներ պետք է լուծվեն բացառապես Երևանի և Թբիլիսիի միջև երկխոսության միջոցով:

«Ջավախքը Հայաստանն ու Վրաստանը կապող կամուրջ պետք է լինի: Մենք համարում ենք, որ Վրաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը ջավախահայերի նկատմամբ: Հայաստանի և Վրաստանի միջև եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան հարգանքի և հավասարության հիման վրա»,- ասել է հասարակական կազմակերպության համանախագահը:

Նա ավելացրել է նաև, որ Ջավախքում հայերի վիճակի բարելավումը բարենպաստ ազդեցություն կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա: Տաճատ Վարդապետյանը հատուկ կարևորել է Ջավախքում հայ բարեգործների ներդրումները, նշելով, որ դա կօգնի լուծել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հարցերը:

Ինչ վերաբերում է Ջավախքում մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման մասին լուրերին, պատգամավորը հայտարարել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Բացի այդ, ես կարծում եմ, որ դրա մասին առաջին հերթին պետք է մտածեն Վրաստանի իշխանությունները, քանի որ դրանով վտանգ է սպառնում այդ երկրի ազգային անվտանգությանը», - ասել է Տաճատ Վարդապետյանը: