19 մայիսի 2010 - 16:12 AMT
ԱՄՀ-ն Հայաստանում ՀՆԱ-ի 4 տոկոս աճ է կանխատեսում 2010թ. և 6 տոկոս գնաճ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանում արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերի կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է իր կանխատեսումներն երկրի ՀՆԱ-ի վերաբերյալ և այժմ կանխատեսում է 4 տոկոս աճ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը:

Բացի այդ, ըստ ԱՄՀ առաքելության ղեկավարի, գնաճի տեմպերը կրճատման միտում ունեն, սակայն նրա մակարդակը 2010 թվականին կկազմի 6 տոկոս:

Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, ապա Լյուիսն ընդգծել է, որ ընթացիկ տարում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կավելանան, ինչը թույլ կտա ապահովել դեֆիցիտի ավելի ցածր մակարդակ:

Ըստ ԱՄՀ նախորդ կանխատեսման ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2010 թվականի ավարտին պետք է կազմեր 1,8 տոկոս, իսկ գնաճը` 6,2 տոկոս:

Բյուջեում ամրագրված տնտեսական աճը նախատեսվում է 1,2 տոկոսի չափով, գնաճը` 4±1,5 տոկոսի մակարդակով: