19 մայիսի 2010 - 19:20 AMT
Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրը 2010 թվականին լինելու է գնաճի զսպումը

Ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը լինելու է գնաճի զսպումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Ազգային ժողովում տեղի ունեցած կառավարական ժամի ընթացքում` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին:

Ըստ նախարարի, ինչպես կառավարությունն, այնպես էլ Կենտրոնական բանկը գնաճի զսպման ուղղությամբ արդեն ձեռնարկել են համապատասխան միջոցներ: «Այդ նպատակով մենք արդեն անցել ենք բավականին կոշտ դրամավարկային քաղաքականության»,-ասել է երկրի գլխավոր ֆինանսիստը:

Տիգրան Դավթյանը հավելել է նաև, որ բոլոր ձեռնարկված քայլերն ուղղված են պետբյուջեի դեֆիցիտի կրճատմանը, որն այս տարի կազմում է 193 մլրդ դրամ: «Բյուջեի դեֆիցիտի կրճատման միջոցով հնարավոր կլինի լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ»,-նշել է ՀՀ ֆինանսների նախարարը: