«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (EuFoA) գտնում է, որ Եվրախորհրդարանի Ղարաբաղին վերաբերող բանաձևի դրույթները մոլորության մեջ են գցում հանրությանը: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած EuFoA-ի հաղորդագրության մեջ, բանաձևի 7-րդ դրույթը հաստատում է, որ ԵՄ պահանջները պետք է համապատասխանեն Մադրիդյան սկզբունքներին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների Ակվիլայի հայտարարությանը, որ արվել է 2009թ. հուլիսին: «Դա նշանակում է, որ զորքերի դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե անվտանգության բավարար երաշխիքներ լինեն և որոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը Ղարաբաղի բնակչության կամքի արտահայտման և բոլոր փախստականների ու բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի հիման վրա: ԵՄ ոչ մի կառույց մինչ օրս չի պահանջել, որ զորքերը դուրս բերվեն մինչ հակամարտության համապարփակ կարգավորումը»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ըստ կազմկերպության ներկայացուցիչների, Եվրախորհրդարանի բանաձևը չի փոխում այդ դիրքորոշումը:
EuFoA-ն ուշադրությունը հրավիրում է նրան, որ Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում ընդլայնել Ղարաբաղի համար նախատեսված ԵՄ ծրագրերը և հավանություն է տալիս եվրոպացի պաշտոնյաների այցերին հանրապետություն: «Դա նպաստավոր կլինի տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի համար: Զեկույցում ասվում է նաև, որ հայ-թուրքական մերձեցումը և Ղարաբաղի շուրջ բանակցություններն առանձին գործընթացներ են: ԵՄ-ն նաև կոչ է անում Երևանին ու Անկարային վավերացնել ու կատարել արձանագրությունների կետերն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում` դրանով իսկ սատարելով Հայաստանի դիրքորոշմանը»,-ասվում է հայտարարության մեջ: