25 մայիսի 2010 - 13:25 AMT
Երևանում քննարկվում է տարածաշրջանային անվտանգությունն ու իրավիճակը Կովկասում

Մայիսի 25-ին Երևանում աշխատանքը սկսեց «Իրավիճակը Կովկասում և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել էր ԱՊՀ երկրների ինստիտուտը հայկական բաժանմունքի հետ համատեղ: Խորհրդաժողովին քննարկվելու են նոր աշխարհաքաղաքական իրողությունները, որ ստեղծվել են Կովկասի տարածաշրջանում վերջին տարիներին, Հարավային Կովկասի երկրների, Իրանի ու Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի և այլ գերտերությունների քաղաքականությանն առնչվող հարցեր: Փորձագետները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության, կայունության, ինտեգրման ու համագործակցության խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներն ու ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը:

Խորհրդաժողովին մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ և փորձագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Իրանից, Թուրքիայից ու Կանադայից: Ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի, կազմակերպիչները մինչև վերջին պահը հուսով էին, որ կմասնակցեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները, սակայն նրանք այդպես էլ չժամանեցին: «Սակայն, վերջին պահին, ցավոք, հավանաբար, ըստ ավանդույթի, նրանք ստիպված եղան հրաժարվել, և ես չեմ կարծում, որ սեփական կամքով: Այնուամենայնիվ, մենք հարգում ենք ցանկացած որոշում»,-ասել է նա: