25 մայիսի 2010 - 20:02 AMT
Կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը

Մայիսի 25-ին կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Քննարկվել է Եվրոպական հանձնաժողովի` Հայաստանի մասին 2009 թվականի տարեկան զեկույցը, ամփոփվել են կատարված աշխատանքները և մատնանշվել առկա խնդիրները:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Եվրամիությունը դրական է գնահատել «Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի» կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքը, միաժամանակ` հնչեցվել են մի շարք մտահոգություններ. «Պետք է կարողանանք ապահովել միջոցառումների ծրագրով նախատեսված բոլոր գործողությունների պատշաճ իրականացումը` նախանշված ժամկետներում: Կան մի շարք խնդիրներ, որոնք լուծված չեն, որոշ նախարարություններ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողացել իրականացնել իրենց պարտավորությունները: Անհրաժեշտ է այդ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենանք»:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները` արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը ներկայացրել են Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև` խոր ու համապարփակ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նախատեսվում է հունիսին մեկնարկել և մինչև տարեվերջ ստորագրել Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը:Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: