Ամերիկայի հայկական համագումարը թողարկել է iPhone հեռախոսների համար նախատեսված iAssembly հավելվածը, ինչը հնարավորություն կտա օգտվողներին ծանոթանալ Ամերիկայի և այլ երկրների հայ համայնքների նորություններին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել համագումարի մամլո ծառայությունում, հավելվածը կարելի է անվճար ներբեռնել iTunes-ից:
«iAssembly-ն առաջին բջջային վեբ-հավելվածն է, որի օգնությամբ ամերիկահայերի ձայնը կարող է լսելի դառնալ Կապիտոլիումի բարձունքում, օրվա ցանկացած ժամին` անմիջապես բջջային հեռախոսից»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
iAssembly հավելվածը նախատեսված է այն ակտիվիստների համար, որոնք ցանկանում են կապի մեջ լինել Կոնգրեսի անդամների հետ: Հավելվածի օգնությամբ օգտվողները կկարողանան կապվել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի, ԼՂՀ-ին ֆինանսական աջակցության և Հայաստանին և հայերին վերաբերող կարևոր օրենսդրական նախաձեռնությունների հարցերով` ներմուծելով փոստային ինդեքսը: Օգտվողները նաև կկարողանան ծանուցում ստանալ կազմակերպության նոր մամլո հաղորդագրությունների մասին, ինչպես նաև ցանկության դեպքում նվիրատվություն անել ԱՀՀ-ին: iAssembly հավելվածը համատեղելի է iPhone, iPod touch, iPad սարքերի հետ: