
Մայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Կանադա: Հանդիպումներ կայացան Կանադայի խորհրդարանի նախագահի և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Կայացավ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Լոուրենս Քեննոնի հետ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով Օտտավա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար, ասաց. «Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը և ամրապնդմանը: 21-րդ դարում աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության ընդլայնման համար: Հայաստանը հաջողությամբ զարգացնում է հարաբերությունները հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող շատ երկրների հետ և մենք մտադիր ենք գործուն քայլեր ձեռնարկել Կանադայի հետ բարեկամական համագործակցության առավել զարգացման համար: Հենց այդ ուղերձով եմ ես այցելում Կանադա» – ասաց նախարար Նալբանդյանը:
Նախարարները շարունակեցին շուրջ երկու տարի առաջ Քվեբեկում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ընթացքում մեկնարկած երկկորղմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությունը, որը պարբերական բնույթ ստացավ տարբեր համաժողովների շրջանակներնում անցկացված հանդիպումների շնորհիվ: Վերջին մեկ տարվա ընթացքում կայացել է Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հինգ հանդիպում:
Առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում, նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում գործում են կանադական կապիտալով շուրջ երկու տասնյակ ընկերություններ և համատեղ ջանքերով դրանց թիվը կարող է ավելանալ:
Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները անդրադարձ կատարեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ գործընթացը կշարժվի առաջ, երբ թուրքական կողմը պատրաստ կլինի հարգել պայմանավորվածությունները` առանց նախապայմանների վավերացնել և իրագործել ստորագրված արձանագրությունները:
Նախարար Քենոնը իր հերթին նշեց, որ Կանադան ողջունում է բոլոր ջանքերը, որոնք կբերեն Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: