Հունիսի 3-ին Հայաստանի նկարիչների միության պատկերասրահում բացվեց կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների «Մրցանակաբաշխություն-2009»-ի շրջանակներում ներկայացված Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված գործերի ցուցահանդես, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ), Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) և Հայաստանի նկարիչների միությունը: Ցուցադրության է հանվել 80 աշխատանք, որից 70-ը նկարներ էին, իսկ 10-ը` քանդակներ, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:
Բացման խոսքում ընդգծելով ձեռնարկի կարևորությունը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվելիք մրցանակաբաշխությանը:
Արդեն ստեղծվել է հանձնախումբ, որը ցուցադրության հանված աշխատանքներից ընտրելու է լավագույնները: Դրանց հեղինակները խրախուսվելու են ՀՀԿ-ի և ՌՀՄ-ի կողմից:
«Մեր նկարիչները շատ ասելիք ունեն: Այսօր ցուցահանդեսների բացումը դարձել է երևանյան կյանքի սովորական երևույթ, ու տա Աստված, որ այս գեղեցիկ մշակութային հրավառությունը շարունակվի անընդհատ, և մենք փորձենք մեր հոգևոր, մշակութային արժեքներն առավել զարգացնել, հզորացնել ու տարածելե -ասաց նախարար Հ.Հակոբյանը: