7 հունիսի 2010 - 13:39 AMT
«Երկիր-Եվրոպա» հայկական կազմակերպությունը դիմել է Ֆրանսիայի նախագահին

Ֆրանսիայում գործող «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը նամակ է հղել նախագահ Սարկոզիին Վրաստանի իշխանությունների կողմից ջավախահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ին «Երկիր» միությունը, 2010թ. հունիսի 7-8-ին Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի Ֆրանսիա կատարվող պաշտոնական այցի կապակցությամբ Ֆրանսիայում գործող «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը (www.yerkir.eu, կենտրոնակայանը՝ Լիոն) նամակ է հղել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ներկայացրել է Վրաստանի կառավարության կողմից ջավախահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների փաստերը: Նամակում հատուկ անդրադարձ է արվել ջավախահայության իրավունքների համար պայքարող ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեhարդարի հանգամանքներին՝ աղաղակող օրինախախտումներով ուղեկցվող նրա դատավարությանը և շինծու մեղադրանքերով 10 տարվա ազատազրկման դատապարտմանը:

Նամակի ավարտին «Երկիր-Եվրոպա» կազմակերպությունը, նշելով, որ ֆրանսահայությունը գնալով էլ ավելի է մտահոգվում Վրաստանի հայության վիճակով, խնդրել է նախագահ Սարկոզիին միջնորդել իր վրացական պաշտոնակցի առջև՝ ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը դադարեցնելու և Վահագն Չախալյանին անհապաղ ազատ արձակելու հարցում: