5 հոկտեմբերի 2001 - 22:08 AMT
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը պատրաստ է շարունակել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կրոնական առաջնորդների երկխոսությունը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեկսի Երկրորդը «Համառուսական ադրբեջանական կոնգրես»-ի նախագահության անդամների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ: Ալեկսի Երկրորդը բարձր է գնահատել Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավար Շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի խաղաղարարական գործունեությունը, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելիս: «Ադրբեջանական հոգեւոր առաջնորդի խելամիտ ու պատասխանատու դիրքորոշումը օգնեց կանխելու քաղաքական դիմակայության վերաճումը կրոնական հակամարտության»,- ասել է պատրիարքը: Նա խիստ քննադատության է ենթարկել որոշ քաղաքական գործիչների փորձերը Միացյալ Նահանգներում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները որակել որպես քրիստոնեության ու իսլամի գլոբալ դիմակայության սկիզբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: