16 հունիսի 2010 - 11:43 AMT
Հունիսի 16-ը Ղրղզստանում սգո օր է հայտարարված

Ղրղզստանը սգում է զանգվածային անկարգությունների զոհերի համար: Հունիսի 16-ը Ղրղզստանում սգո օր է հայտարարված: Միայն Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով երկրի հարավում տեղի ունեցած զանգվածային բախումների արդյունքում 178 մարդ է զոհվել: Շուրջ 1,8 հազար մարդ է դիմել բժշկական օգնության համար:

Միևնույն ժամանակ Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաևանհունիսի 15-ին հայտարարել է, որ զոհվածների ընդհանուր քանակը հայտնի չէ: Ըստ նրա, դա կապված է նրա հետ, որ հարավում տեղի ունեցող բախումներն «իրոք դաժան են եղել», ինչպես նաև տեղաբնակների այն ավանդույթի հետ, որ մարդկանց թաղում են մահվան օրը`մինչ մայրամուտը: Օտունբաևան նշել է, որ հարավում տեղի ունեցած զանգվածային բախումների համար մեղավոր են նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի մերձավորները: Ըստ նրա, նախկին նախագահ Մաքսիմ Բակիևի որդու հրապարակված խոսակցությունը Բակիևի եղբոր` Ժանիշի հետ, ինքնին խոսուն են:

Բախումները տեղի են ունեցել ղրղզների և ուզբեկների միջև ազգային հակասությունների հողի վրա Օշ քաղաքում, իսկ հետո տարածվել են նաև Ջալալաբադի վրա: Ղրղզստանից Ուզբեկստան է փախել շուրջ 100 հազար ուզբեկ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտը հաղորդել էր հունիսի 14-ին Բիշքեկից ՌԴ քաղաքացիներին, այդ թվում նաև Օշում հայտնված ռուս մասնագետներին տարհանելու մասին: Դեպարտամենտում ասել են, որ խոսքը գնում է ոչ թե շտապ տարհանման մասին, այլ հակամարտության էպիկենտրոնից մարդկանց դուրս բերելու մասին, քանի որ բացակայում են առաջին անհրաժեշտության առարկաները, առաջին հերթին սննդամթերքի, ջրի, դեղորայքի պակասի պատճառով, հայտնում է «ՌԲԿ Սանքտ Պետերբուրգը»: