17 հունիսի 2010 - 15:57 AMT
Օրենքը պարտավորեցնում է հանրային ծառայություններ տրամադրող կազմակերպություններին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել

«Հանրային ծառայություններ տրամադրող կազմակերպությունները պետք է տեղեկատվություն տրամադրեն հարցման օրվանից 5 օրվա ընթացքում, եթե դա առևտրային կամ պետական գաղտնիք չէ»,-հայտարարել է «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Կարեն Մեջլումյանը հունիսի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Նա նշեց, որ եթե տրամադրվելիք տեղեկությունը մեծ աշխատանք է պահանջում, ապա այն կարող է տրամադրվել 30 օրվա ընթացքում նախնական ծանուցմամբ:

«2007-2010թթ. ավարտվել են 20 դատական գործեր, կապված տարբեր պաշտոնյաների կողմից տեղեկատվություն չտրամադրելու հետ: Դատական գործերից մեկը կապված է լրագրողին տեղեկատվություն չտրամադրելու հետ»,-ասել է է «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Շուշան Դոյդոյանը: Նա նշել է նաև, որ դատարան հայցեր են ներկայացվել ընդդեմ «Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների, Հրազդանի քաղաքապետարանի, Նոր Նորքի, Արաբկիրի թաղապետարանների, ինչպես նաև այլ կազմակերպությունների դեմ: Այդ դատական գործերից 17-ը տեղ են գտել 2007-2010թթ. Դատական գործերի ժողովածուի մեջ:

Հիմնական խնդիրն, ըստ Կարեն Մեջլումյանի, այն է, որ ՀՀ օրենսդրությամբ միայն 50 հազար դրամի չափով վարչական պատիժ է նախատեսվում տեղեկատվություն տրամադրելու մերժման համար, սակայն միևնույն ժամանակ օրենքում ասվում է, որ դատարան կարող է դիմել միայն այդ հարցի շուրջ արձանագրություն կազմող մարդը, իսկ նման լիազորություններով մարդիկ այդ հարցում չկան: «Հենց որ օրենքի այդ բացթողումը շտկվի, կազմակերպությունը մեծ պատրաստակամությամբ կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը»: