Նախագահ Իլհամ Ալիևը շուտափույթ լքեց Սանկտ Պետերբուրգը նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո, որը նախաձեռնել էր ՌԴ նախագահը, որպեսզի Ռուսաստանի տարածքում գտնվելու ժամանակ չպատասխանի ռազմական սադրանքի վերաբերյալ հարցերին, որը նրա հրահանգով տեղի էր ունեցել հրադադարի գծում երեք պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպումից մի քանի ժամ անց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, պաշտպանության նախարարի ռազմական քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանում գործող սուլթանական ռեժիմը բացառում է նման ռազմական սադրանքի չարտոնված լինելը`հատկապես հաշվի առնելով ժամանակի առումով նրա համընկնումը ՌԴ նախագահի նպատակային խաղաղ նախաձեռնության հետ:
«Հատկանշական է, որ Ադրբեջանի հերթական ռազմական սադրանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ժամանակային առումով համընկնում է ոչ միայն Մեդվեդևի խաղաղ նախաձեռնության, այլ նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի հետ, որը վերջերս Բաքու էր բերվել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի կողմից, որում հաստատվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հրամայականը: Նման արհամարհական վերաբերմունքը Ռուսաստանի նախագահի խաղաղ նախաձեռնությունների նկատմամբ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ դրսևորում է: Մոտ մեկ տարի առաջ հանրության ուշադրությունը սևեռվել էր Chatham House-ում Ադրբեջանի նախագահի հայտարարության վրա Ղարաբաղը վերադարձնելու համար պատերազմ սկսելու պատրաստակամության մասին, որը հակասում էր նրա կողմից մինչ այդ ստորագրված Մայնդորֆի հռչակագրին` նախաձեռնած ՌԴ նախագահի կողմից»,- ընդգծել է Քոթանջյանը:
Միաժամանակ նա նշեց, որ սպառազինությունների ցուցադրական մրցավազքում, համաշխարհային հանրության ցանկացած լուրջ հակազդեցության բացակայությունը հաշվի առնելով, չի կարելի բացառել նախագահ Ալիևի ռևանշիստական կոչերի վերաճումը նոր պատերազմի Ղարաբաղում: «Նման քաղաքականության աղետալի հետևանքները տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա ակնհայտ են` Վրաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի օրինակով»,- գտնում է հայ փորձագետը: