21 հունիսի 2010 - 14:05 AMT
Նոր պատերազմի սանձազերծումը Ղարաբաղում կստիպի հայկական կողմին անդառնալի կորուստ հասցնել Ադրբեջանին

«Բարձր գնահատելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների նպատակային ջանքերը` հայկական կողմը միևնույն ժամանակ բոլոր հիմքերն ունի զգուշացնելու համար նախագահ Ալիևին, որ նոր պատերազմի սանձազերծումը Ղարաբաղում կստիպի հայկական կողմին անդառնալի կորուստ հասցնել Ադրբեջանին: Եվ Արևելյան Անդրկովկասի մեր հարևանները պետք է սթափ գնահատեն, որ օրինական կերպով ինքնորոշված Ղարաբաղի դեմ նրանց իշխանությունների երկրորդ ռազմական արկածախնդրությունն անդառնալի կորուստների պատճառ կդառնա նրանց համար, ընդ որում դա կարվի անհապաղ և ամբողջ ուժով»,-հայտարարել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ռազմական քաղաքականության ու անվտնագության գծով պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Ըստ նրա, այս սկզբունքների համաձայնեցման համար հիմք կարող է հանդիսանալ Ադրբեջանի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից Ադրբեջանի ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու իրավաբանական փաստը` ԽՍՀՄ «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին» օրենքի համաձայն: Այդ իրավաբանական ու քաղաքական փաստը պետք է հիմք հանդիսանա ՀՀ արտաքին քաղաքականության համար:

«Խոսքն այն մասին է, որ Մինսկի խմբի համանախագահները որպես միջնորդական գործունեության փաստ ընդունեն Ադրբեջանի Հանրապետության հանդեպ տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման անիրավասությունը, քանի որ ԼՂՀ-ն 1991թ. օրինական կերպով անջատվել է Ադրբեջանից: Այսպիսով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում պետք է լինի 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեի անցկացման իրավաբանական փաստը և Ադր.ԽՍՀ տարածքում երկու անկախ պետությունների`Ադրբեջանի Հանրապետության և ԼՂՀ-ի կազմավորումը: Օրինական հանրաքվեի հիման վրա, որին 1991թ. հրաժարվեց մասնակցել ադրբեջանական փոքրամասնությունը Բաքվի թելադրանքով»,-ասել է Քոթանջյանը: