2010-ի հունիսի 24-ից 25-ը Երևանի «Կոնգրես» հյուրանոցում կկայանա
միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի տնտեսական ու սոցիալական ազդեցության հարցերով միջազգային համաժողով, որի կազմակերպիչներն են Համաշխարհային բանկը, ՀՀ Կառավարությունը և ՀՀ Կենտրոնական բանկը: Համաժողովում ելույթ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նա ՀՀ կառավարության և իր անունից շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկին, միջոցառման բոլոր կազմակերպիչներին` այդ համաժողովը Հայաստանում անցկացնելու համար: Նա նշեց, որ Հայաստանի համար այս համաժողովն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Հայաստանն ունի իր բնակչության թիվը բավականաչափ գերազանցող սփյուռք և ժամանակավոր աշխատանքային միգրանտների ստվար զանգված, որոնց դրամական փոխանցումները վերջին տարիներին, ըստ ՀԲ տվյալների, կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 6-12 տոկոսը:
«Գիտակցելով զարգացման տեսակետից սփյուռքի և միգրանտների ներուժի կարևորությունը` Հայաստանի կառավարությունն այսօր իրականացնում է երկրի կարևորագույն խնդիրների լուծման և խոշոր ծրագրերի իրականացման մեջ սփյուռքի ակտիվ ներգրավման քաղաքականությունը: Մենք ունենք նոր հայկական աշխարհի ձևավորման կոնցեպցիա, որի ներքո ստեղծվել են սփյուռքի նախարարությունը, Ազգային մրցունակության խորհուրդը, Ազգային մրցունակության հիմնադրամը, «Լույս» կրթական հիմնադրամը: Ձևավորման փուլում է Համահայկական բանկի ստեղծումը: Հայաստանի կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրում աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները ներդրումների տեսքով երկրի տնտեսություն տրանսֆորմացնելու հստակ մեխանիզմների ստեղծման, աշխատուժի կազմակերպված արտահանման, միգրացիոն հոսքերի կառավարման ուղղությամբ», - ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նա ավելացրեց նաև, որ սփյուռքը և միգրացիան պետք է ընկալել ոչ միայն որպես երկրի սոցիալական խնդիրները մեղմացնելու միջոց, այլ նաև և առավելապես` որպես տնտեսական զարգացմանը նպաստելու, նոր գիտելիք, նոր կապեր ստեղծելու, ներդրումներ ներգրավելու, հայկական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների` միջազգային շուկաներում դիրքավորվելու, նոր արտադրություններ և աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն: