Հունիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Լավագույնը մեր ազատամարտիկներին» խորագիրը կրող բարեգործական համերգը: Համերգի ժամանակ ելույթներով հանդես կգան Արսեն Գրիգորյանը (Մրոն), Դավիթ Ամալյանը եւ ընկերները:
“Մեր պարտքն է վերաբերմունք ցուցաբերել ազատամարտիկներին, բոլոր ազատամարտիկները պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն”,- ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) հունիսի 25-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նա հավելեց, որ որպես անհատ, ոչ որպես երգիչ, նա մտածում է, թե ինչ կարող է անել այս ուղղությամբ:
“Մշակույթը շփվելու ձեւ է, և դրա նկատմամբ պետական հոգածություն պետք է լինի”,- նշեց երգիչ, երաժիշտ Դավթ Ամալյանը: “Մեր ենթագիտակցության մեջ նույնացած չեն ազգայինը, պետականը եւ մարդկայինը: Երբ սեղանի շուրջ կենաց ենք խմում, մեր ժողովրդի կենացն ենք խմում, բայց ոչ Հայաստանի: Պետք է բարձրացնել հասարակության բարոյահոգեբանական մակարդակը: Ճիշտ ուղու չափանիշները պետք է ճշտել”,- կարծում է Դավիթ Ամալյանը:
Ըստ երաժիշտների, ազատամարտիկներին պետք է տոներից զատ հիշել և նրանք ուզում են ավանդույթ դարձնել ազատամարտիկներին նվիրված բարեգործական համերգները:
Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է հանրապետության12 սայլակավոր հաշմանդամների: