1 հուլիսի 2010 - 18:42 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի դասընթացի մասնակիցները ավարտական վկայականներ ստացան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները համալսարանների ուսանողների համար հանդես են եկել մարքեթինգին, հասարակայնության հետ կապերին և բաժանորդների սպասարկմանը վերաբերող դասախոսություններով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայաստանցի ուսանողների հերթական խումբն ավարտել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցը: Չորս օր շարունակ Հայաստանի բուհերից ընտրված 45 ուսանող մասնակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների կողմից անկացված ինտենսիվ գործնական դասընթացին: Ինտերակտիվ ձևաչափով անցնող դասախոսությունների ընթացքում արծարծվող թեմաները ներկայացվեցին հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձից վերցված օրինակներով: Իսկ հուլիսի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին շնորհեց դասընթացի ավարտական վկայականներ:

Դասընթացի ժամանակ անդրադարձ կատարվեց մարքեթինգի, մարքեթինգային հետազոտությունների, կանխավճարային և հետվճարային ծառայությունների մշակման, բաժանորդների սպասարկման, հասարակայնության հետ կապերի, մասնավորապես կորպորատիվ հաղորդակցության ոլորտներին, դրանց հիմունքներին և կիրառման նորարարական մեթոդներին:

«Հաջողակ բիզնեսի ուժը կառավարման հմտության մեջ է, որն առաջնորդելու հարցում պետք է լինի բավականաչափ ուժեղ, իսկ ուսուցանելու և ուղղորդելու համար` նույնքան ճկուն: Մեր պատասխանատվությունն աճող սերնդի հանդեպ ակնհայտ է. մենք, մեր փորձից ելնելով, պետք է աջակցենք նրանց ակադեմիական մակարդակում ձեռք բերված գիտելիքները գործնականի հետ համադրելու և երաշխավորված ապագա ունենալու հարցում»,-հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի և Կարիերայի զարգացման ծրագրի հիմնական գաղափարը Հայաստանի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտին աջակցելն է` տեսական գիտելիքները գործնական օրինակներով համալրելու հարցում: Դրա շնորհիվ կլրացվի կոմերցիոն, ինչպես նաև այլ գիտակարգերի դասավանդման առումով առկա բացը: Հայաստանի գործատուներն ունեն բարձր որակավորմամբ այնպիսի աշխատողների կարիք, ովքեր տիրապետում են բիզնես հմտությունների` ձեռնարկությունների աշխատանքը համապատասխան ոլորտներում արդյունավետ կազմակերպելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատասխանատվություն է զգում երիտասարդ մասնագետների պատրաստման գործում, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: