1 հուլիսի 2010 - 19:56 AMT
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յուն-Հոյին

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Յուն-Հոյին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և այդ համատեքստում կարևորում է Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Հարավային Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ակտիվացման համար գոյություն ունի մեծ ներուժ: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի փոխգործակցության զարգացմանը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը աջակցության պատրաստակամություն հայտնեց կորեական ընկերություններին Հայաստանում ներդրումների, մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում:

Դեսպան Լի Յուն-Հոն իր հերթին բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն, որը մեծ նշանակություն ունեցավ հայ-կորեական հարաբերությունները նոր, առավել ամուր հիմքերի վրա դնելու առումով և խթան հանդիսացավ փոխգործակցության զարգացման համար: Միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ Սեուլում երկու երկրների խորհրդարանների նախագահների կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Դեսպանը նշեց, որ ավելացել են Հայաստանի և Կորեայի միջև առևտրաշրջանառության ծավալները, նվաճումներ կան ինչպես առանձին նախագծերի իրականացման, այնպես էլ գործարար շփումների ոլորտներում: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին Հայաստանում գործող կորեական ընկերություններին շարունակական աջակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Կորեայի միջև համագործակցությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: