1 հուլիսի 2010 - 21:07 AMT
Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յուն-հոյին

Հուլիսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը` Մոսկվա) Լի Յուն-հոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին ` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-կորեական բարեկամական համագործակցության առավել զարգացման գործում:

Դեսպան Յուն-հոն իր հերթին ընդգծեց, որ Կորեայի Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբնշեց, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկկողմ համագործակցությունը` աշխուժացել են խորհրդարանական կապերը, Կորեայի միջազգային համագործակցության գործակալության հովանու ներքո անցկացվող ծրագրերի շնորհիվ արդեն շուրջ յոթ տասնյակ պետական ծառայողներ վերապատրաստվել են Կորեայում, նախադրյալներ են ստեղծվում տնտեսական փոխգործակցության խորացման համար, հաճախակիացել են մշակութային փոխանակումները:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Յուն-հոն կարևորեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացումը: Զրուցակիցները քննարկեցին հայ-կորեական քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերություններին և մշակութային փոխանակումներին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձան միջազգային կազմակերպություններում համագործակցությանը: Կորեայի դեսպանը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Կորեական թերակղզում տեղի ունեցած վերջին զարգացումները` այս տարվա մարտին կորեական ռազմանավի խորտակման պատճառով իրադրության սրացումը: Նախարար Նալբանդյանը ցավակցեց ողբերգության հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նա մտահոգություն արտահայտեց տարածաշրջանում իրադրության սրման առումով` հույս հայտնելով, որ միջազգային հանրության ջանքերը կբերեն տարածաշրջանում իրադրության կայունացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը` որպես միջազգային իրավունքի առանցքային նորմերից մեկը և համոզված է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: