Հուլիսի 3-5-ը ճանաչողական այցով ԼՂՀ-ում էին գտնվում մի քանի տասնյակ ՀՀ ԱԳՆ աշխատակիցներ: Այցը նախապատրաստվել եւ իրականացվել էր ՀՀ ԱԳՆ արհեստակցական կազմակերպության կոմիտեի կողմից: ՀՀ ԱԳՆ աշխատակիցները այցելեցին Ստեփանակերտ, Գանձասար, Տիգրանակերտ եւ Շուշի:
Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ ԱԳՆ հյուրերի պատվին ԼՂՀ ԱԳՆ-ում կազմակերպվեց ընդունելություն, տեղի ունեցան հանդիպումներ ԼՂՀ դիվանագիտական անձնակազմի եւ ծառայողների հետ, երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու ԱԳՆ-ների միջեւ տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ: Այնուհետեւ ԼՂՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԳՆ աշխատակիցներին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի եւ ՀՀ, ինչպես նաեւ ԼՂՀ դիվանագետների միջեւ տեղի ունեցան քննարկումներ եւ մտքերի փոխանակում արդիական տարբեր հարցերի շուրջ:
Աշոտ Ղուլյանը շնորհավորեց ՀՀ Սահմանադրության տոնի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ դիվանագետների` ԼՂՀ այցելելու այսպիսի բացառիկ նախաձեռնության համար:
Նույն օրը ՀՀ ԱԳՆ աշխատակիցները ծաղկեպսակ դրեցին Ստեփանակերտի «Եղբայրական շիրիմին»` հարգանքի տուրք մատուցելով ԼՂՀ ազատագրման համար զոհվածների հիշատակին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: