21 սեպտեմբերի 2001 - 17:52 AMT
ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼՈՒ Է ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթողը հայտարարվելու է 2001 թվականի դեկտեմբեր ամսվա առաջին շաբաթում: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, դրա մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ նախկինում ծրագրվում էր ավարտել մրցույթը այս տարվա սեպտեմբերի վերջում: Նախարարի խոսքերով` ժամկետների երկարացումը պայմանավորված է բանակցային գործընթացով ու փաստաթղթերի պատրաստմամբ: «Նրա նախնական փուլում ծագեցին որոշ խնդիրներ, ինչը եւ դարձավ մրցույթի հետաձգման պատճառ»,- ասաց Դ.Հարությունյանը: Պատասխանելով այն հարցին, թե կապված չէ՞ արդյոք մրցույթի ժամկետների հետաձգումը ռուսական ընկերությունների` սեփականաշնորհման գործընթացին մասնակցության հետ` Հարությունյանը ասաց, որ «մրցույթի պայմանները հավասար են բոլորի համար»: Նա շեշտեց, որ վաղը երեկոյան վերջանում է նախաորակավորման հայտերի ընդունման ժամկետը, որից հետո մրցույթի բոլոր պայմանները ապահոված ընկերությունը հաղթող կճանաչվի:
Նշենք, որ նախնական տվյալներով Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթին կմասնակցեն ռուսական ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի», «Գազպրոմ» ԲԲԸ ընկերությունները, ԻՏԵՐԱ հոլդինգը եւ իսպանական Fenosa-ն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: