10 հուլիսի 2010 - 14:18 AMT
Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» միշտ հանդես է եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների և պետական շահերի

Այսօր Երևանում բացվել է «Ժառանգություն» կուսակցության VI համագումարը, համաժողովի աշխատանքներին մասնակցում է շուրջ 400 պատգամավոր: Հրավիրյալի կարգավիճակով համագումարին մասնակցում են ՀՅԴ անդամ Արթուր Ղազարյանը և «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, համագումարում հաշվետու զեկույցով հանդես եկավ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, «Ժառանգությունը» միշտ հանդես է եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների և պետական շահերի:

Մարտիրոսյանն ընդգծել է, որ կուսակցությունը միշտ հանդես է եկել ԼՂՀ անկախության օգտին և գտնում է, որ ղարաբաղյան խնդրի լուծման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է: Վարչության նախագահը նշել է նաև, որ կուսակցությունը պահանջում է հետաքննել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Համագումարը հաշվետու զեկույց ընդունեց: Այժմ առաջադրվում են կուսակցության 11 հոգուց կազմված նոր վարչության անդամների թեկնածությունները: Քանի որ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ըստ կանոնադրության ինքնաբերաբար դառնում է վարչության անդամ, ապա քվեարկությունը կընթանա 10 թեկնածությունների շուրջ: Ընտրություններից հետո վարչությունն առանձին նիստում կընտրի կուսակցության նախագահին: