Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ կանանց շրջանում գերթեթև քաշային կարգում WBA, WIBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) հուլիսի 17-ին պաշտպանեց իր տիտղոսները մեքսիկուհի Արելի Մուչինոյի հետ մենամարտում:
3-րդ ռաունդի սկզբում Մուչինոն և Կենտիկյանը բախվեցին գլուխներով, որից հետո հայ մարզուհու մոտ արյունահոսություն սկսվեց, մենամարտը դադարեցվեց: Մարտն ավարտվեց առանց հաղթողի և Սյուզի Կենտիկյանը պահպանեց WBA, WIBF և WBO տիտղոսները, քանի որ մեքսիկուհին խախտել էր խաղի կանոնները:
Մենամարտից հետո Կենտիկյանն ասաց, որ առաջին ռաունդում նա վատ էր մենամարտում: «Հետո ես կարողացա կողմնորոշվել և սկսեցի ավելի արագ գործել: Ես շատ տխուր եմ և վշտացած, քանի որ ցանկանում էի դրսևորել իմ բոլոր հնարովորությունները»,-ասել է Կենտիկյանը, հաղորդում է boxing.de-ն: