22 հուլիսի 2010 - 15:12 AMT
Հայաստանի նախագահը հանդիպել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու ուսանողների հետ

Հուլիսի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Լույս» բարեգործական կրթական հիմնադրամի 30 ուսանողների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախագահը ուսանողների հետ քննարկել է արտասահմանում նրանց ուսման, Հայաստանում ձեռք բերած նորույթների կիրառման, ինչպես նաև հայրենիք վերադառնալուց հետո նրանց աշխատանք գտնելու հարցերը:

«Մեր բոլոր ուսանողները ցույց տվեցին, որ պատրաստ են ոչ միայն Հայաստանում լավ աշխատանք գտնելու, այլև հայրենիքում նոր աշխատատեղեր ստեղծելու: Այսօր հիմնական հարցն այն չէ, թե որքան մեծ է քո երկիրը, այլ այն, թե որքան է այն պատրաստ ստեղծագործելու», - լրագրողներին ասել է «Լույս» բարեգործական հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը; Այս տարի «Լույս» հիմնադրամը մասնակի կամ ամբողջովին կվճարի 70 հայ ուսանողների ուսման վարձը: Այդ ուսանողները սովորելու են հիմնադրամի ցուցակում գրանցված 25 տարբեր համալսարաններում: 5 ուսանող ևս սպասում է արտասահմանից հրավերի: Եթե նրանք ընդունվեն, ապա նրանց ծախսերը ևս կատարելու է հիմնադրամը:

Հիմնադրամի հիմնադիրներն են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուսանողների ուսման վարձը վճարում են հիմնադրամի գործընկեր հայ գործարարները: