22 հուլիսի 2010 - 17:22 AMT
2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ամերիաբանկի շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ

2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ամերիաբանկի շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ, հուլիսի 22-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Անեսյանը:

Ընդ որում, նա ավելացրել է, որ բանկը մտադիր է ապահովել իր ցուցանիշները աճը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ բանկը ծրագրում է 16%-ով ավելացնել ակտիվները, 20%-ով` պարտավորությունները, 23%-ով` վարկային ներդրումները, իսկ 12%-ով` ժամկետային ավանդները, այդ թվում 125%-ով շահույթը:

Բանկի վարկային պորտֆելը 70%-ով բաղկացած է կորպորատիվ վարկերից, իսկ 30%-ով` սպառողական ու հիփոթեքային: Միևնույն ժամանակ, Անեսյանի խոսքով, կորպորատիվ վարկային պորտֆելի 35%-ը բաժին է ընկնում ՓՄԲ-ին, որտեղ բանկը մտադիր է նոր ներդրումային ծրագրեր իրականացնել ինչպես սեփական, այնպես էլ ներգրավված միջոցների հաշվին: Կորպորատիվ վարկի զգալի բաժինն ընկնում է նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտին` 12%, իսկ հաշվի առնելով փուլ առ փուլ հաստատվող ծրագրերը, այդ ցուցանիշը կհասնի 20-22%-ի, ինչը Ամերիաբանկին կվերածի վերականգնվող էներգետիկայի ոլորտի վարկավորման առաջատարի:

Անդրադառնալով բանկի ծրագրերին` «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ավելացրել է, որ այս տարվա ընթացքում բանկը երկու մասնաճյուղ կբացի` Երևանում և Գյումրիում, իսկ 2011 թվականին` Վանաձորում: «Մենք մասնաճյուղեր ենք բացում այնտեղ, որտեղ մեր ծառայությունների որոշակի պահանջարկ է ձևավորվում, որպեսզի ավելի մոտ լինենք հաճախորդներին»,- նշել է նա: