26 հուլիսի 2010 - 15:33 AMT
ԵԱՀԿ երկրների պատվիրակությունների ղեկավարների Ալմաթիի հայտարարությունը հասցեագրված էր Ադրբեջանին

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների Կանադայում և ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների Ալմաթիում արված հայտարարություններից հասկանալի է դառնում, որ գերտերությունները ղարաբաղյան խնդիր լուծումը տեսնում են միայն Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման ու տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Ըստ Նիկոյանի, չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ անդամ երկրների Ալմաթիի հայտարարության մեջ ասվում է, որ վերոնշյալ սկզբունքները միմյանց հանդեպ գերակայող չեն և չեն հակասում միմյանց: «Դա հասցեագրված էր Ադրբեջանին, քանի որ այդ երկրի ղեկավարությունը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է միայն տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է Նիկոյանը:

Ինչպես նշել է Նիկոյանը, այդ հայտարարության մեջ կարևոր պահ էր նաև այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրվում է հայկական և ադրբեջանական կողմերի ղեկավարների վրա: «Իսկ ասելով հայկական կողմի առաջնորդներ, միջնորդները հասկանում են ոչ միայն Հայաստանի նախագահին, այլ նաև ԼՂՀ ղեկավարին»,-ասել է նա` հավելելով, որ այդ հայտարարությունը ամրապնդում է այն դիրքորոշումը, որ ղարաբաղյան կողմը պետք է մասնակցի բանակցություններին:

Նիկոյանը նշել է նաև, որ Ալմաթիի հանդիպումից հետո Ադրբեջանի քարոզչամեքենան լռում է: