27 հուլիսի 2010 - 15:52 AMT
ՀԲ. Հայաստանում գործ սկսելու համար կպահանջվի 18 օր

Համաշխարհային բանկի ներդրումային կլիմայի գծով խորհրդականների խումբը, մասնավոր իրավաբանական ընկերությունների հարցման հիման վրա, հաշվետվություն է պատրաստել «Ներդրումներ արտերկրում-2010» թեմայով, որի համաձայն, Հայաստանում գործ սկսելու համար պահանջվում է 18 օր:

Այս ցուցանիշով առաջատարը Վրաստանն է` 1-ին տեղ, այդ երկիրն առավելապես բաց է օտարերկրյա կապիտալի համար: Ըստ հետազոտության, Թուրքիայում այդ գործընթացը 8 օր է տևում, Ռուսաստանում` 31 օր: Լեհաստանում, բիզնես սկսելու համար պահանջվում է 33 օր, Հունաստանում` 22 օր, Բուլղարիայում` 20 օր, Հաիթիում` 212 օր, Անգոլայում` 263 օր:

Համաշխարհային բանկի «Ներդրումներ արտերկրում-2010» հետազոտությունը վերլուծում է ուղիղ օտարերկրյա ներդումները աշխարհի 87 երկրներում: Հետազոտությունն անցկացվել է չորս ուղղությամբ, մասնավորապես` որքան հեշտ է այս կամ այն ընկերության համար ներդրումներ կատարել արտերկրում, գործունեություն ծավալել այնտեղ, հողակտոր ձեռք բերել և կարգավորել բիզնեսի հետ կապված դատական գործընթացները: