27 հուլիսի 2010 - 18:54 AMT
Գերմանիայի ԱԳ նախարար. Թուրքիան դեռևս չի հասունացել ԵՄ-ին անդամակցելու համար

Գերմանիայի փոխկանցլեր և արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն այցով Ստամբուլ մեկնելիս հայտնել է, որ Թուրքիան ներկա պահին դեռևս չի հասունացել ԵՄ-ին անդամակցելու համար:

«Եթե այդ հարցը լուծման ենթակա լիներ այսօր, Թուրքիային պատրաստ չէին համարի Եվրամիությանն անդամակցելու համար»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Այնուամենայնիվ, Վեստերվելլեն ընդգծել է այն բանի կարևորությունը, որպեսզի Թուրքիան շարունակի կողմնորոշվել դեպի Եվրոպա:

Թուրքիան, նախարարի խոսքով, կարող է զգալի, կառուցողական օգնություն ցուցաբերել Աֆղանստանում, Իրանում կամ Մերձավոր Արևելքում ծագող հակամարտությունների լուծման ժամանակ:

Գիդո Վեստերվելլեն չպատասխանեց այն հարցին, թե արդյոք ինքն անհրաժեշտ է համարում Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին համաեվրոպական հանրաքվեի դնել` նշելով, որ չի ցանկանում շահարկել մի թեմա, որը դեռևս չի պատրաստվում արդիական դառնալ:

Նրանք, ովքեր գտնում են, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս, Վեստերվելլեի կարծիքով, սխալվում են: «Իրականում այժմ կարևորը Թուրքիային չվիրավորելն է և փորձել այնպիսի տպավորություն չստեղծել, թե իբր մենք հետաքրքրված չենք նրանով»,- ամփոփել է նա, հաղորդում է Lenta.ru-ն: