27 հուլիսի 2010 - 20:09 AMT
Ծաղկաձորում կկայանա Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն

2010 թ. օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կկայանա Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն («INTERNATIONAL MIME FESTIVAL Dedicated to Leonid Yengibaryan's 75th Anniversary»): Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, Հայաստանի թատերական գործիչների միությունը և Ծաղկաձորի քաղաքապետարանը:

Փառատոնի նպատակն է միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությունը, անդամակցությունը համաշխարհային թատերական գործընթացներին, ինչպես նաև միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը:

Փառատոնը միտված է նաև խթանելու զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծելու մշակութային տոնական ավանդույթներ:

Այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մնջախաղի ժանրին պատկանող թատրոններ ԱՄՆ-ից` 2 տարբեր մասնակիցներ (Iman Lizarazu, Richmond Shepard), Ռուսաստանից (Малиновая Гряда), Վրաստանից (Georgia State Pantomime Theatre), Ֆրանսիայից (Vahram Zaryan` մեծն միմոս Մարսել Մարսոյի վերջին աշակերտը) և Չեխիայից (Peter Popper` Լեոնիդ Ենգիբարյանի թոռը): Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանում գործող մնջախաղի թատրոններ, մնջախաղի ժանրին պատկանող ներկայացումներով այլ թատերախմբեր (Երևանի մնջախաղի պետական թատրոն, Միմ ստուդիո, Միհր, Օվասիս, Անվերջ թատերական կղզի, Շրջիկ թատրոն, Համլետ Չոբանյան, Հայկ Զորիկյան): Մասնակիցները 5 օրերի ընթացքում իրենց արվեստը կներկայացնեն ցերեկվա ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում: Ամեն երեկո կկազմակերպվեն թատերական վարպետության դասեր, ֆորումներ, քննարկումներ, ինչը հնարավորություն կտա անմիջական շփում ստեղծելու հանդիսատեսի և թատերախմբերի միջև, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: