17 օգոստոսի 2010 - 12:33 AMT
ՌԴ ԱԳՆ. Նովոռոսիսկում գերեզմանաքարերի վնասման փաստով հարուցվել է քրեական գործ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունը հաղորդում է, որ դեսպանատունը պաշտոնական պատասխան է ստացել ՌԴ ԱԳՆ-ից Նովոռոսիսկի գերեզմանատան տապանաքարերը վնասելու միջադեպի վերաբերյալ: Տեղեկատվության համաձայն, «ՌԴ ներքին գործերի մարմինների կողմից հաստատվել է, որ 2010-ի հուլիսի 23-24-ն անհայտ անձանց կողմից վնասվել են 33 գերեզմանաքարեր, որոնցից 14-ը եղել են հայազգի հանգուցյալների գերեզմաններ, 19-ը` սլավոնական ծագման: Այս փաստի շուրջ Նովոռոսիսկի համապատասխան մարմինների կողմից ՌԴ ՔՕ 244 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ներկա պահին կատարվում է հետաքննություն: Նման հանցագործությունները բացառելու նպատակով ներքին գործերի մարմինների կողմից իրականացվում է գերեզմանամերձ շրջանների հսկողություն: Ելնելով ստացված տեղեկություններից` նշված հանցագործությունների ազգայնական երանգի մասին լուրերն օբյեկտիվ հաստատում չեն գտել»,- ասվում է ՌԴ ԱԳն նոտայում:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն իր երախտագիտությունն է հայտնում ՌԴ ԱԳՆ-ին, Կրասնոդարի երկրամասի ղեկավարությանը և Նովոռոսիսկ քաղաքին` այս հարցով դեսպանատան հարցումին արձագանքելու համար:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը համոզմունք է հայտնում, որ այս միջադեպը ստվեր չի նետի հայ-ռուսական փոխհարաբերությունների եղբայրական բնույթի և բարձր մակարդակի վրա: