4 սեպտեմբերի 2001 - 21:08 AMT
ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեւանում Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եւ Վրաստանի Ֆինանսների նախարար Զւրաբ Նողայդելիի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվեց միջկառավարական համաձայնագիր Հայաստանին Վրաստանի պետպարտքի վերաձեւավորման մասին: Նշենք, որ Վրաստանը Հայաստանին պարտք է 20 մլն դոլար: Փաստաթղթի համաձայն, Վրաստանը պարտավորվում է մինչեւ ընթացիկ տարվա վերջը մարել ընդհանուր պարտքի 4%-ը, որը կազմում է 800 հազար դոլար: Մնացած գումարը կվճարվի մինչեւ 2021 թվականը: Կողմերը պայմանավորվել են, որ պարտքի մարման պայմանները կարող են փոփոխվել կախված Փարիզյան ակումբի շրջանակներում Վրաստանի մնացած պարտատեր-երկրների հետ պայմանավորվածությունից: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, Վրաստանը կարողացել է պայմանավորվել պետպարտքիվերաձեւավորման մասին նաեւ Ավստրիայի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի հետ: Նախարարները պայմանավորվել են նաեւ ստեղծել մշտական գործող քարտուղարություն, որը կզբաղվի ընդհանուր խնդիրների գործնական լուծումով:
Զուրաբ Նողայդելիի խոսքերով, Հայաստանը եւ Վրաստանը մտադիր են մշակել համատեղ ծրագրեր, որոնք հետագայում կարող են ներկայացվել Գերմանիայի կառավարության ֆինանսավորման համար: Հիշեցնենք, որ անցյալում անդրկովկասյան տարածքաշրջանում Գերմանիայի տնտեսական գործակցության եւ զարգացման նախարարության համակարգող Թոմաս Հելֆեն հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածքաշրջանային նախագծերի իրականացմանը Անդրկովկասում, որը թույլ է տալիս կարգավորել համագործակցությունը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ, իսկ հետագայում գտնել նաեւ գործակցության ուղիներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Հայաստանի ֆինանսների եւ էկանոմիկայի նախարարությունը եւ Վրաստանի ֆինանսների նախարարությունը ստորագրել են հետագա համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն հարկային եւ մաքսային օրենսդրությունում իրագործել համաձայնեցված քաղաքականություն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: