20 տարի է անցել Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ) ստեղծումից, բայց նույնիսկ այսօր մեր վետերան ազատամարտիկները լի են վճռականությամբ: Այդ մասին Հայաստանում ՄՀՆՋ 20-ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ՄՀՆՋ վետերանների միության նախագահ Ռիչարդ Սարգսյանը: Նրա խոսքերով, չնայած նրան, որ հայ ազատամարտիկները 20 տարով մեծացել են, հոգով երիտասարդ են մնացել: «Այդ մարդիկ ոչ այնքան նյութական օգնության կարիք ունեն, որքան ուշադրության»,- ասել է Սարգսյանը: Միաժամանակ նա հավելել է, որ միությունը հատուկ նշանակություն է տալիս երիտասարդ սերնդի հետ աշխատանքին: Միության երիտասարդ թևում ընդգրկված է 800 մարդ, որոնք վետերանների հետ շփումից հայրենասիրական դաստիարակություն են ստանում:
Իր հերթին, Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը նշել է, որ ՀՀ Ոստիկանությունը կեռապատկի իր ուշադրությունը վետերանների նկատմամբ և ամեն ինչ կանի նրանց սոցիալական հոգսերը թեթևացնելու համար, ինչպես նաև կլուծի իրավական հարցերը: «ՀՀ Ոստիկանությունը մտնում է 2010-11թթ. բարեփոխումներ անցկացնելու փուլ»,- ընդգծել է Սարգսյանը: Նա նաև կոչ է արել վետերաններին զինվել համբերությամբ, հավաստիացնելով, որ այն անտարբերությունը, որի հետ նրանք նախկինում առնչվել են, անցյալում կմնա: «Դուք միշտ կլինեք մեր ուշադրության կենտրոնում: Ես իմ պարտքն եմ համարում ուշադիր լինել ձեր նկատմամբ, որպեսզի դուք համոզված լինեք, որ հայրենիքը պարտական է ձեզ»,- ընդգծել է նա:
Ոստիկանության պետը վետերաններին պատվո շքանշաններ է հանձնել: Հանձնման արարողությունից հետո տեղի կունենա ՄՀՆՋ վետերանների երթ Նալբանդյան փողոցից, որը կավարտվի Հանրապետության հրապարակում: