31 օգոստոսի 2001 - 00:15 AMT
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎՅԵՆՈՒՄ
Ինչպես մենք արդեն հայտնել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի առաջին կեսում մտադիր են կատարել հերթական այցը հայ-ադրբեջանական հակամարտության տարածաշրջան: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, դրան կնախորդեն ԵԱՀԿ գործող նախագահի հետ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդների համատեղ խորհրդակցությունները, որոնք կկայանան սեպտեմբերի սկզբներին Վյենում: Ֆրանսիական եւ ռուսական դիվանագետները Միացյալ Նահանգների իրենց նոր աշխատակցին կտեղեկացնեն հակամարտության կարգավորման գործընթացին: Հիշեցնենք, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակված ամերիկացի դիվանագետ Ռուդոլֆ Վիլյամ Փերրինան մինչեւ վերջերս եղել է ԱՄՆ-ի դեսպանը Մոլդովայում: Ստանալով Միչիգան նահանգի Համալսարանի բակալավրի աստիճանը եւ Կոլումբիայի համալսարանի Եվրոպայի պատմության մագիստրոսի ու դոկտորի աստիճանը` Փերրինան 1974 թվականից աշխատել է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություններում Կանադայում, Ռուսաստանում, ԳԴՀ-ում, Բելգիայում ու Հարավսլավիայում: 1987 - 1989 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի` Եվրոպայի ու սոցիալիստական լագերի գործերով տնօրենի պաշտոնը: 1996 - 1997 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Կանադայի հարցերով գլխավոր օգնական: Տիրապետում է ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռումիներեն ու չեխերեն լեզուներին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: