2 սեպտեմբերի 2010 - 17:52 AMT
Ռուբեն Մեհրաբյան. Թուրքիայի, Ւրանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպումն ուղերձ է ինչպես Հայաստանին, այնպես էլ Արևմուտքին

Թուրքիայի, Ւրանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպումն ուղերձ է Հայաստանին, որ նա անելիք չունի տարածաշրջանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա, Հայաստանից բացի, Թուրքիան ու Ադրբեջանը դրանով ուղերձ են հղում նաև Արևմուտքին, առ այն, որ նա պետք է հաշվի առնի նրանց շահերը: «Սա նաև մտահոգիչ ազդանշան է Ռուսաստանին, որը բացասաբար է ընկալում թուրք-իրանական համագործակցությունը, քանի որ գտնում է, որ դա կատարվում է իր շահերի հաշվին»,-ասել է Մեհրաբյանը:

Նա նշել է նաև, որ երեք երկրների ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը շահավետ է նաև Իրանին, որը ձգտում է ճեղքել շրջափակումը, որի մեջ է հայտնվել պատժամիջոցների պատճառով: Այդ համատեքստում նա նշել է, որ հանդիպման փաստը շատ ավելի կարևոր է, քան նրա արդյունքները: